1 Corinthians 6
1 Ձեզնից մեկը, եթե խնդիր ունենա իր ընկերոջ հետ, կհամարձակվի՞ դիմել անիրավների դատաստանին և ոչ թե սրբերի։
2 Թե՞ չգիտեք, որ սրբերն են դատելու աշխարհը։ Եվ եթե ձեր միջոցով է դատվում աշխարհը, ապա արժանի չե՞ք չնչին հարցերի դատեր անելու։
3 Չգիտե՞ք, որ հրեշտակներին ենք դատելու, էլ ուր մնաց՝ այս աշխարհի խնդիրները։
4 Եթե հասարակ խնդիրների համար դատական վեճեր եք ունենում, նրա՞նց եք դատավորներ կարգում, որոնց եկեղեցին կարևորություն չի տալիս։
5 Ասում եմ ձեր ամոթի համար։ Ձեր մեջ այնքան իմաստուն մեկը չկա՞, որ կարողանա արդար դատ անել իր եղբայրների միջև։
6 Այնինչ եղբայրը եղբոր դեմ դատ է բացում, այն էլ՝ անհավատների առջև։
7 Արդ, ձեզ համար ամեն առումով արդեն իսկ նախատինք է, որ միմյանց դեմ դատ ունեք։ Ինչո՞ւ դուք չեք անիրավվում և դուք չեք հարստահարվում,
8 այլ ինքներդ եք անիրավում և հարստահարում, այն էլ՝ հենց եղբայրներին։
9 Չգիտե՞ք, որ անիրավներն Աստծու արքայությունը չեն ժառանգում։ Մի՛ խաբվեք. ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ,
10 ո՛չ իգացողներ, ո՛չ արվամոլներ, ո՛չ գողեր, ո՛չ ագահներ, ո՛չ հարբեցողներ, ո՛չ բամբասողներ, ո՛չ էլ հափշտակողներ Աստծու արքայությունը չեն ժառանգելու։
11 Եվ ձեզնից ոմանք այդպիսին էին։ Բայց մեղքերից լվացվեցիք, բայց սրբագործվեցիք, բայց արդարացվեցիք մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով և մեր Աստծու Հոգով։
12 Ամեն ինչ ինձ թույլատրված է, բայց ամեն ինչ օգտակար չէ։ Ամեն ինչ ինձ թույլատրված է, բայց պետք չէ, որ որևէ բանի գերին դառնամ։
13 Կերակուրը որովայնի և որովայնը կերակուրի համար է, սակայն Աստված թե՛ մեկը և թե՛ մյուսը պիտի խափանի։ Բայց մարմինը պոռնկության համար չէ, այլ Տիրոջ, Տերն էլ՝ մարմնի համար։
14 Աստված, որ Տիրոջը հարություն տվեց, ձեզ էլ հարություն կտա իր զորությամբ։
15 Չգիտե՞ք, որ ձեր մարմինները Քրիստոսի անդամներ են։ Ի՞նչ է, Քրիստոսի անդամներն առնելով՝ պոռնիկի անդամնե՞ր դարձնենք։ Քա՛վ լիցի։
16 Թե՞ չգիտեք, որ ով մերձենում է պոռնիկին, նրա հետ մեկ մարմին է դառնում։ «Երկուսը մեկ մարմին կլինեն»,- ասում է Սուրբ Գիրքը։
17 Իսկ ով մերձենում է Տիրոջը, մեկ հոգի է դառնում նրա հետ։
18 Փախե՛ք պոռնկությունից։ Ամեն մեղք, որ մարդ գործում է, նրա մարմնից դուրս է, բայց ով պոռնկանում է, մեղանչում է իր մարմնի դեմ։
19 Թե՞ չգիտեք, որ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է, և որն Աստծուց եք ստացել, և ինքներդ ձեր տերը չեք,
20 որովհետև մեծ գնով գնվեցիք։ Փառավորե՛ք Աստծուն ձեր մարմինների մեջ։